44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի միակ որդին՝ Մաքսը, հայրիկի ազգանունը չի կրում, քանի որ ծնվել է հոր զոհվելուց 2 օր անց, ծնողներն էլ «Զագսում» գրանցված չեն եղել։ NEWS.am-ին Վրեժ Պողոսյանի այրին՝ Վերոնիկա Մնացականյանը, պատմում է, որ հայրության ճանաչման  համար դիմել են դատարան, 6-7 ամիս սպասել են, մեկ նիստ է տեղի ունեցել, որով էլ որոշվել է՝ մերժել հայցադիմումը։

«Ես ու ամուսինս զագսավորված չենք եղել, միայն եկեղեցով ենք ամուսնացած եղել։ Մաքսս ծնվեց ամուսնուս հուղարկավորության օրը, միայն դատարանով կարող էի հայրություն ճանաչել։ Գործերը տվեցինք դատարան, մինչեւ օրս որոշում չկա։ Տղաս 1.2 տարեկան է, բայց հայրություն չի ճանաչվել։ Իմ նման կանայք շատ կան, որ այս վիճակում են հայտնվել»,- պատմեց այրին։

Վերոնիկա Մնացականյանի խոսքով՝ ամուսնու ծնողները նույնպես կողմ են եղել, որ հայրությունը ճանաչվի. «Մենք կապ ունենք, գնում-գալիս ենք իրենց տուն։ Դատավարությանն իրենք էլ են ներկա եղել։ Ես ուզում եմ, որ ամուսնուս օրինական որդին լինի, կրի իր հայրիկի ազգանունը»։

29-ամյա Վրեժ Պողոսյանը մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմին կամավոր է մեկնել մարտի դաշտ։ Կինը տեղյակ չի եղել, որ ամուսինն Արցախում է, խնդրել է հարազատներին՝ կնոջը ոչինչ չպատմել։ Մասնագիտությամբ կարատեիստ Վրեժ Պողոսյանը զոհվել է նոյեմբերի 9-ին.

«Ամուսինս «Մարտունի 2-ում» է զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից։ 5 տարի միասին էինք, 1 տարի էր՝ ինչ ամուսնացած էինք։ Վրեժը երեխայի ծնվելուն շատ էր սպասում, ռազմի դաշտում էլ հաճախ է ընկերների հետ իր տղայից խոսել»։

Հիշեցնենք, որ հայցադիմումը մերժել է դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանը։ Ըստ դատավորի՝ հայցադիմումը ներկայացվել է առանց հայրության ճանաչման գրանցման համար ինչ-որ մարմնի կողմից մերժում ստանալու։

Վրեժ Պողոսյանի այրին մերժում ստանալուց հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը դատարանը բավարարել է եւ ուղարկել նոր քննության։

Նշենք, որ դատավոր Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս հարցով նիստը ԲԴԽ-ն նշանակել է հունվարի 21-ին։