Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (2005-2021) մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի՝ ՄԱԿ-ի կառույցներից մեկում խորհրդական դառնալու առաջարկը, հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով կառավարության նախկին ղեկավարի գրասենյակին։

Մերկելն այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան, սակայն ասել է, որ չի ընդունի առաջարկը։   

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել են Գուտերիշի առաջարկի մասին։

Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2018 թվականին նա հայտարարել է, որ չի առաջադրվելու հինգերորդ ժամկետով։ 2021 թվականի դեկտեմբերին նրան Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։

Նախկին կանցլերը բազմիցս նշել է, որ հրաժարականից հետո չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել։