2022 թ.-ի օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022):   

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից:

2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:

Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:

Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է հարթակում գրանցվել մինչև  2022 թ. հունվարի 31-ը:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին:

Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ  հղմամբ և  կից առդիրներից: