Օրինագիծը վերաբերում է 2020 թվականի պատերազմական գործողություններում հայրենիքը պաշտպանելիս զոհված, երիտասարդ տարիքի պատճառով կին, երեխաներ, ինչպես նաեւ ծնողներ չունեցող անձանց ընտանիքներին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ 

Նա նշեց, որ փոխհատուցման տեսքով գումար կստանան նրանց եղբայրներն ու քույրերը։ Ընդհանուր առմամբ կա 16 շահառու։ Միաժամանակ, ըստ պատգամավորի, պետ​​բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի։ «Բոլոր փոխհատուցումները կվճարվեն «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման» հիմնադրամի միջոցներից»,- պարզաբանեց Սարգսյանը։ 

Վճարման համար նախատեսված գումարը կբաշխվի հավասարաչափ։ «Այսինքն՝ եթե մահացած զինծառայողը երկու եղբայր ունի, յուրաքանչյուրին կվճարվի 5-ական միլիոն դրամ, ինչպես նաեւ առաջիկա 20 տարվա ընթացքում ամեն ամիս 100 000-ական դրամ»,- պարզաբանեց պատգամավորը։