Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը վերսկսել է աշխատանքը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած պայթյունի պատճառով փակվելուց հետո։

Քահրամանմարաս նահանգի Պազարչիկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից ոչ ոք չի տուժել։ Պայթյունը մեծ հրդեհ էր առաջացրել, իշխանությունները փակել էին մայրուղին, հայտնում է Anadolu-ն։

Նավթը նավթամուղով տեղափոխվում է Հյուսիսային Իրաքի Քիրքուկ նավթահանքերից թուրքական Ջեյհան նավահանգիստ։

Թուրքական BOTAS խողովակաշարային ընկերությունը հայտարարություն է տարածել, որ նավթի մատակարարումները վերսկսվել են «բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցների» ձեռնարկումից հետո։

Պայթյունի պատճառները պարզվում են։ Սակայն Քահրամանմարասի նահանգապետի գրասենյակը հայտնել է, որ նախնական տվյալները ցույց են տալիս, որ պատճառը վատ եղանակի պատճառով ընկած էլեկտրական սյունն էր: