Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով եւ դիրքորոշումներով, որոնք խոչընդոտում են առկա խնդիրների քննարկմանը եւ դրանց լուծումների որոնմանը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ հրապարակային հայտարարությունները ոչ միշտ են ամբողջությամբ կամ մասամբ համընկնում փակ դռների հետեւում քննարկվող մոտեցումների հետ։ 

«Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հայտարարում է ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին, եւ որպես այդպիսին «Լեռնային Ղարաբաղի գոյություն չունենալու» մասին, համաշխարհային հանրությունը այլ կերպ է մտածում։ Նրանք համաձայն չեն նման ձեւակերպումների հետ։ Ասվածի եւս մեկ ապացույց է անցյալ տարվա դեկտեմբերին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա ֆորումում հնչած մի շարք երկրների դիրքորոշումները։ Օրինակ, նրանք կարծում են, որ ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի, եւ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»,- ասաց ԱԳ նախարարը։