Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով այս պահին նախատեսված չէ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այս պահին կոնկրետ ժամկետ նշանակված չէ։ Անորոշ է նաեւ հանդիպման վայրը։

«Նախատեսված է միայն տարածաշրջան համանախագահների այց։ Այս հարցը արդեն վաղուց է քննարկվում, բայց անընդհատ հետաձգվում է։ Հիմա միայն սա է օրակարգում»,- ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուս համանախագահների հովանու ներքո։

Ընդ որում, Շվեդիայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը չի կայացել։