Գազի շուրջ վերջին ամիսներին ընթացող բանակցությունները, պարզվեց, ձախողված են։ Հայկական կողմի խնդիրն էր առաջ մղել մի մոտեցում, ըստ որի «Գազպրոմ» ընկերությունը գերշահույթի պայմաններում եւ հաշվի առնելով Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, կարող էր գնալ գների նվազեցման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է հետպատերազմյան շոկի վիճակում մնալ։ Այս ֆոնին էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների բարձրացումը էլ ավելի կխորացնի իրավիճակը։

«2022 թվականին «Գազպրոմ» ընկերությունն իր բյուջեի հիմքում դրել է 1000 խորանարդ մետրի դիմաց 250 դոլար միջին արտահանման գինը։ Տեսանելի հեռանկարում համաշխարհային շուկաներում գազի գները կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։ Սա վկայում է այն մասին, որ ընկերությունը կշարունակի աշխատել գերշահույթով, ինչն իր հերթին թույլ է տալիս նրան գնային քաղաքականության ոլորտում որոշակի մանեւրներ անել ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների հանդեպ»,- ասաց Դավթյանը։

Խնդիրը, նրա խոսքով, կապված է նաեւ 2013 թվականի գազային պայմանագրի հետ, ըստ որի ընկերության ներքին եկամտաբերությունը սահմանվում է 9 տոկոսի մակարդակում։ Նման ցուցանիշ ապահովելը բավականին դժվար է, եւ հայկական կողմը պետք է առաջ քաշեր պայմանագրի այս կետի վերանայման անհրաժեշտության մասին թեզը։

«Խնդիրն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ՝ ելնելով տարածաշրջանում ռուսական ազդեցության աճող դերից, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման առումով։ Բանակցությունների ընթացքում Հայաստանը, հենվելով միջազգային կոնյունկտուրայի վրա, պետք է առաջ քաշեր զեղչերի անհրաժեշտության գաղափարը»,- ընդգծեց փորձագետը։

Գազի շուրջ բանակցություններն իրականում այդպիսին չեն, քանի որ հայկական կողմը, ինչպես հիշեցրեց Դավթյանը, ոչ մի անգամ իր «կարմիր գծերը» չի քաշել (ինչպես դա տեղի է ունենում իսկական բանակցությունների ժամանակ)։

«Խոսքը միակողմանի հաղորդակցության մասին է. Ռուսաստանի բոլոր առաջարկները գրեթե անվերապահորեն ընդունվել են Հայաստանի կողմից»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված: