Հազիվ թե Հայաստանում որեւէ իշխանություն կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության փաստը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին, որը հասցեագրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մկրտչյանը, մասնավորապես, հիշեցրեց վարչապետի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը։ Նա Փաշինյանին խնդրեց կրկնել այդ արտահայտությունը խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաեւ այն հայտարարությունը, որ Հայաստանի կառավարությունը պայքարելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, եւ որ երկու երկրների եւ ժողովուրդների հաշտեցումը հնարավոր է միայն Ցեղասպանության ճանաչումից եւ հայ ժողովրդին պատճառված վնասի փոխհատուցումից հետո։

Ի պատասխան՝ ԱԳՆ ղեկավարը խնդրեց վերընթերցել խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագիրը։ Նրա խոսքով՝ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է այս թեմայի շուրջ գործող իշխանության դիրքորոշման մասին։

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խուսափեց ամբիոնից այս խոսքերը կրկնելուց։ Ընդ որում, արվեց վատագույն ընտրությունը՝ նրա փոխարեն խորհրդարանի ամբիոնի մոտ ուղարկեցին «Օմեգա»-ին։ Պատահական չէ, որ ձեզ հավատարիմ քրեական օլիգարխները հայտարարում են, որ Թուրքիայի հետ որեւէ խնդիր չկա, եւ որ թուրքերը գալու են Հայաստան բուժվելու»,- ասաց Մկրտչյանը։

Այսպիսով, նա անուղղակի հիշեցրեց այն պնդումները, որոնց համաձայն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գաղտնի իրազեկող է, ներգրավված է եղել «Օմեգա» կեղծանունով։ Նա հիշեցրեց նաեւ իշխանական պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի վերջերս արած հայտարարությունները։

Միրզոյանը պարտքի տակ չմնաց։ «Դժվար է պատասխանել բառերի այս հեղեղին՝ չխախտելով կոռեկտության սահմանները։ Այնուամենայնիվ, ես կփորձեմ դա անել: Ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Ցավոք, սրան ավելացնելու բան չկա։ Միայն խորհուրդ կտայի բարեւել Նարիմանովին»,- քամահրանքով նետեց Միրզոյանը՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի։