Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է Covid-19-ից շատ ավելի լուրջ համավարակների մասին եւ կոչ է արել կառավարություններին միլիարդավոր դոլարներ հատկացնել հաջորդ գլոբալ բռնկմանը նախապատրաստվելու համար, գրում է FT-ը:

Բարերարն ասել է, որ թեեւ կորոնավիրուսի «օմիկրոն» եւ «դելտա» տարբերակները երբեւէ գոյություն ունեցած վիրուսներից ամենատարածվողներն են եղել, աշխարհը կարող է բախվել այն պաթոգենին, որն առաջացնում է մահացության կամ ծանր հիվանդությունների շատ ավելի բարձր մակարդակ:

Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը եւ բրիտանական Wellcome Trust հիմնադրամը 300 միլիոն դոլար է տրամադրում Համաճարակային պատրաստության նորարարության կոալիցիային, որն օգնել է ձեւավորել Covax ծրագիրը՝ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութեր մատակարարելու համար: CEPI-ն փորձում է 3,5 միլիարդ դոլար ներգրավել՝ նոր պատվաստանյութ մշակելու անհրաժեշտ ժամանակը մինչեւ 100 օր կրճատելու համար:

Նա հավելել է, որ ապագա համավարակի նախապատրաստմանն ուղղված նորամուծություններից շատերը կարող են նաեւ օգտակար լինել առկա գլոբալ առողջապահական խնդիրների լուծման համար, օրինակ՝ ՄԻԱՎ-ի պատվաստանյութի եւ տուբերկուլյոզի ու մալարիայի դեմ ավելի արդյունավետ պատվաստանյութերի մշակման միջոցով: