Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կխստացնի կորոնավիրուսային սահմանափակումները ողջ երկրում, եթե կորոնավիրուսի օմիկրոն տարբերակը փոխանցվի համայնքում, սակայն լոքդաունը բացառել է, հայտնում է Reuters-ը։

Խիստ վերահսկողությունը եւ Նոր Զելանդիայի աշխարհագրական առավելությունն օգնեցին դրան զերծ մնալ օմիկրոն տարբերակից, թեեւ այժմ սահմանին գտնվող կարանտինային հաստատություններում շատ դեպքեր են արձանագրվում:

«Կարմիր ռեժիմը» ​​կգործի համայնքում օմիկրոնի հայտնվելուց հետո 24-ից 48 ժամվա ընթացքում, ասել է  Արդերնը մամուլի ասուլիսին, ինչը նշանակում է, որ դիմակները պարտադիր կլինեն, իսկ հանրային հավաքները՝ սահմանափակ:

«Երբ օմիկրոնի փոխանցման մասին հաղորդումներ ունենանք, լոքդաունի չենք դիմի, փոխարենն ամբողջ երկիրը 24-ից 48 ժամվա ընթացքում «կարմիր ռեժիմի» կանցնի»,- ասել է Արդերնը՝ հավելելով, որ օմիկրոնն ի վերջո կհայտնվի:

Նոր Զելանդիայի 12 տարեկանից բարձր բնակչության մոտ 93 տոկոսը լիովին պատվաստված է, իսկ մոտ 20 տոկոսը` վերապատվաստված։

«Միջազգային տվյալները ցույց են տալիս, որ խթանող դեղաչափերը լավ պաշտպանություն են ապահովում օմիկրոնից»,- ասել է նա:

Նոր Զելանդիայի սահմաններն օտարերկրացիների համար փակ էին 2020 թվականի մարտից, իսկ փուլային վերաբացման ծրագրերը հունվարի կեսերից մինչեւ փետրվարի վերջ տեղափոխվեցին՝ հարեւան օմիկրոնի բռնկման մտավախությունների պատճառով, ինչպես դա եղավ Ավստրալիայում: