Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան «հակահարված կտան» Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի կիբեռգրոհներին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը Սիդնեյում Մեծ Բրիտանիայի հետ խորհրդակցություններից առաջ, տեղեկացնում է AP-ը։

Ավստրալիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի եւ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ ուրբաթ օրը, ավստրալա-բրիտանական ամենամյա նախարարական խորհրդակցություններում (AUKMIN)։

Արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնն ասել է, որ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան կհամակարգեն կիբեռպատժամիջոցների ռեժիմները, որպեսզի զսպեն դրանք։

«Ավստրալիան ձգտում է աշխատել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, որպեսզի մարտահրավեր նետի չարամիտ սուբյեկտներին, որոնք տեխնոլոգիաներն օգտագործում են ազատության եւ ժողովրդավարության ճնշման համար»,- ասվում է Փեյնի հայտարարությունում։

Դաթոնն ասել է, որ ուրբաթ օրվա հանդիպումը նվիրված է լինելու կիբեռանվտանգությանը; «Ե՛վ Մեծ Բրիտանիան, ե՛ւ Ավստրալիան կանոնավորապես ենթարկվում են գրոհների Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ այլ երկրների կողմից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք «հակահարված կտան»։

Քննարկումները կվերաբերեն նաեւ այն ոլորտներին, որոնցում Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան կարող են համագործակցել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ ատոմային սուզանավերի ավստրալական ծրագրին։

Նրա խոսքով՝ Aukus նոր պաշտպանական դաշինքը Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հետ, որն անցած տարի Ավստրալիային մղեց չեղարկել ֆրանսիական սուզանավի պայմանագիրը հօգուտ ատոմային սուզանավի ծրագրի, որին աջակցում են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, վճռական նշանակություն ունի Ավստրալիայի համար։

«Դրանք մեծ երկրներ են, նրանք մեծ ռազմական մեքենաներ ունեն, եւ նրանք կարեւոր դաշնակիցներ եւ բարեկամներ են մեզ համար՝ որպես ոչ մեծ երկրի, ընդամենը 25 մլն բնակչությամբ, եթե մենք պատրաստվում ենք զսպել երկրները ագրեսիվ պահվածքից»,- ասել է նա։