Կառավարությունը «Սիվիլնեթ»-ին չի տրամադրել ՀՀ կառավարությանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենը, ինչն անհիմն ու ոչ իրավաչափ է։ «Փաստինֆո»-ին այս մասին ասել է փաստաբան Էլինա Գյուրջյանը։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ «Սիվիլնեթ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը, սակայն կառավարությունից մերժել էին լրատվամիջոցին։ Այնուհետև «Սիվիլնեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները վարչական դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը կառավարության աշխատակազմին պարտավորեցնի տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։

Էլինա Գյուրջյանը նշում է, որ վարչապետի աշխատակազմը մերժել է տրամադրել պայմանագրի պատճենը՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է, մինչդեռ փաստաբանի խոսքով պայմանագրի բովանդակությունը կազմող էական պայմաններն արդեն հրապարակվել են կառավարության համապատասխան որոշման տեքստում։

Փաստաբանի արձանագրմամբ՝ կոնկրետ տեղեկատվությունը որպես առևտրային գաղտնիք որակելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված երեք պայմանի միաժամանակյա առկայություն, սակայն այս պայմանագրի բովանդակությունն առևտրային արժեք ձեռք չի բերում առաջինն այն պատճառով, որ դրա բովանդակության հիմնական պայմաններն արդեն հանրայնացվել են ՀՀ կառավարության որոշման մեջ։

«Այսինքն՝ պատասխանող կողմը պետք է հիմնավորի, թե այլ ինչ տեղեկատվություն կարող է տեղ գտած լինել պայմանագրում, որը չի հանրայնացվել։ Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը՝ գտել ենք, որ պայմանագրի ամբողջական բովանդակությունը ենթակա է հրապարակման»,-նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ Ընդ որում, գործարքը տեղի է ունեցել խիստ կասկածելի հանգամանքներում՝ բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելուց հետո հաշված ժամերի ընթացքում։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դեռևս 2021թ. Օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Զուրաբովի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը, ինչը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։

Ներպետական դատական ատյանների կողմից արդեն իսկ արձանագրվում է ներդրողի, տվյալ դեպքում ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի բաժնետիրոջ իրավունքների խախտում։ Վերջինս կարող է դիմել նաև միջազգային ներդրումային արբիտրաժ, որտեղ իրավունքի խախտումը փաստվելու դեպքում արդեն պետք է մեծ չափերի հասնող փոխհատուցում վճարի պետությունը։

Գործարքի հետ կապված մի շարք հարցեր կառավարությունը գաղտնի է պահում, անգամ գործարքի գինը։ «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ իր տեղեկություններով, բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն ամբողջությամբ վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ևս ՀՀ կառավարության աշխատակազմը խուսափել էր պատասխաններ տրամադրելուց։