Չնայած Արեգակի կյանքի ավարտին դեռեւս տրիլիոնավոր տարիներ կան, գիտնականներից ոմանք կարծում են, որ Արեգակի կյանքի շրջափուլի ընթացիկ շրջանը կավարտվի արդեն 5 միլիարդ տարի հետո։ Այդ պահին զանգվածեղ աստղը Արեգակնային  համակարգի կենտրոնում կկլանի իր ջրածնային միջուկի մեծ մասը, գրում է BGR-ը։

Ըստ էության, Արեգակը, ինչպիսին մենք այն գիտենք, արդեն մահացել է։ Երբ դա տեղի ունենա, Արեգակը կդառնա կարմիր հսկա։ Այն կդադարի ջերմություն արձակել  միջուկային սինթեզի միջոցով։ ՆԱՍԱ-ն ասում է, որ մոտավորապես այդ ժամանակ միջուկը կդառնա անկայուն եւ կսեղմվի։

Հենց որ միջուկն սկսի անկայուն դառնալ, Արեգակի արտաքին շերտերը կընդարձակվեն։ Այդ ընդարձակումը վերջնարդյունքում կկլանի Մերկուրին եւ Վեներան։ Բացի այդ, Արեգակից սփռվող կոպիտ արեւային քամիները «կծեծեն» Երկիրը՝ նրան զրկելով մագնիսական դաշտից, որը ստեղծում է նրա մթնոլորտը։ Իհարկե, մինչ դա տեղի կունենա, Արեգակից սպասվող բազմաթիվ այլ սպառնալիքներ էլ կան։

Չնայած միտքը, թե Արեգակը մահանում է՝ վախեցնում է, կա շանս, որ մարդկությունն անգամ չի էլ տեսնի դա։

Գիտնականների խոսքով՝ միլիարդ տարի հետո երկրային օվկիանոսները կգոլորշանան արեւի էներգիայի ազդեցության տակ։ Այդ ժամանակ Արեգակի պայծառությունը կավելանա մոտավորապես 10 տոկոսով։ Կան նաեւ կլիմայի փոփոխության այլ սպառնալիքներ, որոնք պետք է հաշվի առնել։

Ի վերջո, Երկրի ապագան մռայլ է, համենայնդեպս, այդպես են ասում գիտնականները։ Գուցե հենց դրա համար են այդքան շատ մարդիկ կենտրոնացած տիեզերական ճանապարհորդությունների եւ այլ մոլորակների վրա։ Դա ոչ միայն թույլ կտար մարդկությանը շարունակել ապրել, այլեւ մեզ նոր տուն կտար, ուր կուղեւորվենք, երբ Արեգակն ի վերջո մեռնի։