Թաիլանդը փետրվարի 1-ից կվերսկսի առանց կարանտինի ճանապարհորդության սխեման, հայտարարել են պաշտոնյաներն այն բանից հետո, երբ ծրագիրը կասեցվեց արագ տարածվող օմիկրոն տարբերակի պատճառով, հաղորդում է AFP-ն:

Համավարակի պատճառով ճանապարհորդության սահմանափակումները հարված են հասցրել թագավորության տնտեսությանը, որտեղ գերակշռում է զբոսաշրջությունը, ինչի հետեւանքով այցելուների թիվը նվազագույնի է հասել:

Ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդներն այսուհետ կկարողանան մուտք գործել երկիր «թեստավորվիր եւ ճանապարհորդիր» սխեմայով։ Նրանք պետք է Covid-ի ախտորոշման թեստ հանձնեն ժամանելուց հետո առաջին եւ հինգերորդ օրը, լրագրողներին հայտնել է երկրի Covid-19-ի հարցով աշխատանքային խմբի ներկայացուցիչ Թավիսին Վիսանույոտինը:

Այցելուները ստիպված կլինեն ինքնամեկուսացվել հյուրանոցում՝ սպասելով թեստի արդյունքներին եւ հավելված ներբեռնել՝ համոզվելու համար, որ նրանք հետուում են կանոններին:

1997 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամից ի վեր իր ամենավատ տնտեսական ցուցանիշներից վերականգնվելու համար Թաիլանդը նոյեմբերին, որպես հյուրանոցում երկշաբաթյա կարանտինի այլընտրանք, գործարկեց «թեստավորվիր եւ ճանապարհորդիր» սխեման:

«Վարակվածների թվի աճի կամ իրավիճակի փոփոխության դեպքում ժամանող ճանապարհորդները կվերագնահատվեն եւ կհարմարեցվեն «ավազամանի» սխեմային»,- ասել է Թավիսինը:

Անցյալ տարի մեկնարկած ավազաման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ պատվաստված այցելուները յոթ գիշեր անցկացնում են սահմանված վայրերում, ինչպիսին է առողջարանային Պհուկետ կղզին, նախքան նրանց կթույլատրվի մեկնել Թաիլանդի մնացած մասեր: