Պատասխանելով Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր գրասենյակը «բանակցում է Իսրայելի նախագահ (Իսահակ) Հերցոգի հետ, եւ նա, հնարավոր է, շուտով կայցելի Թուրքիա»։ Ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարգավորման իսրայելական կողմի համանման պատրաստակամությունը՝ Էրդողանն ասել է, որ «վարչապետ Նաֆթալի Բենեթը նույնպես դրական մոտեցում ունի»,- գրում է Al-Monitor-ը։

Հերցոգը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, բայց անունը չնշած իսրայելական դիվանագիտական աղբյուրը հաստատել է, որ Հերցոգի գրասենյակը շփման մեջ է Էրդողանի աշխատակազմի հետ, որպեսզի ուսումնասիրի այցի հնարավորությունը։ Կողմերից ոչ մեկը ամսաթիվ չի նշել։

Եթե դա իսկապես տեղի ունենա, Հերցոգը կդառնա Իսրայելի առաջին նախագահը, որը Թուրքիա կայցելի 2007թ. Շիմոն Պերեսի այցից հետո։ Պերեսը այն ժամանակ Անկարա էր եկել Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլի հրավերով եւ մասնակցել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ եռակողմ հանդիպմանը, ինչպես նաեւ հանդիպել էր Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանի հետ։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի վերջին այցը Թուրքիա 2017 թվականին էր, երբ էներգետիկայի այն ժամանակվա նախարար Յուվալ Շթայնիցն այցելեց Թուրքիա։ Չորս տարի առաջ Շթայնիցը Թուրքիայում էր եւ Ստամբուլում մասնակցել է 22-րդ Համաշխարհային նավթային համաժողովին։ Անցած տարի, դեռեւս Նեթանյահուի կառավարության օրոք, նրան նորից հրավիրել էին Թուրքիա, այս անգամ Անթալիայի Դիվանագիտական համաժողովին մասնակցելու, որը պետք է իսրայելցի նախարարի առաջին այցը լիներ Թուրքիա այն ժամանակվանից ի վեր, երբ երեք տարի առաջ Անկարան հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին։ Այնուամենայնիվ, Անկարան վերջին պահին չեղարկեց Շթեյնիցի հրավերը Երուսաղեմի Տաճարի լեռան շրջանի եւ Գազայի հատվածում լարվածության պատճառով, եւ այցը չկայացավ։