Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձեւաչափի աշխատանքի շարունակությանը` առաջին հերթին իր մանդատին համապատասխան եւ, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել թույլ չտալու» մասին հայտարարության հետ կապված:

«Մեր այս դիրքորոշումը լիովին կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»,- նշել է նա։ 

Զախարովան հիշեցրել է, որ անցյալ տարի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ կողմերին հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ են տրվել օրակարգում հետագա փոխգործակցության համար։ «Դա ուղղված էր հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, առաջին հերթին` սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք կողմերից պաշտոնական արձագանք ենք սպասում, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի շուրջ»,- ասել է նա։