Կառավարությունն իր այսօրվա նիստում վերանայեց արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը. ԱԳՆ-ի առաջարկած «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերը առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, թե արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական, ապրանքների և ծառայությունների շարունակական գնաճի և այլն։

«Մինչ օրս գործող չափերը դասակարգված են ըստ երկրների խմբակային կատեգորիաներով, ինչը չի համապատասխանում նույն կատեգորիայում դասակարգված տարբեր երկրների կենսամակարդակին և անհրաժեշտ նվազագույն ծախսերին, և, բնականաբար, ստեղծում է հավելյալ անհամաչափություն:

Հետևաբար խիստ անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցումները համապատասխանեցնելու գործող կենսամակարդակին», - ներկայացրեց նախարարը։

Միրզոյանը հայտնեց, որ  քննարկվող որոշման հիմքում դրված է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, վերջինս էլ իր հերթին այն բխեցրել է Նյու Յորք քաղաքի գնային, ծախսերի իրավիճակից:

«Այն վերցրել ենք որպես հիմք, կատարել ենք որոշակի սրբագրումներ և մշակել ազգային ինդեքս, որը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցիչենրի կողմից»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը և տեղեկացրեց, որ հավելյալ գումարներն արդեն ներառված են 2022 թ. բյուջեում:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ նախագիծը կարող է առաջին հայացքից  թվալ անպատեհ, քանի որ ներկայում կա սոցիալական սուր խնդիր, իսկ կառավարությունը զբաղված է դիվանագետների աշխատավարձերի բարձրացմամբ. «Մեզ հաճախ քննադատում են, և այն անպատեհ անվանել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախեր չենք նախատեսել»:

Պարզաբանելով ստեղծված իրավիճակը, Փաշինյանն ասաց. «Հայաստանը 2020-ին, 2021-ին, այսօր էլ կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ եւ մենք առերեսվել ենք աղետալի իրադաձությունների: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է դա մեզ հետ տեղի ունեցել: Ինձ համար եզրակացությունը մեկն է. դրա առանցքային պատճառը պետության ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որը ունեցել ենք ՀՀ-ում»: