Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Արցախ այցի հետ կապված։

«Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները պետք է մեկնաբանեն Բաքվի եւ Փարիզի ներկայացուցիչները»,- ասել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան հավատարիմ է «այդ տարածքներ այցելելու հիմնական մոտեցումներին»։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Սույն հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այցերի կարգ է սահմանել խաղաղապահ օպերացիայի իրականացման տարածք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային առաքելության կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այդ կարգը լավ հայտնի է հայկական եւ ադրբեջանական կողմերին։ Մասնավորապես, նախատեսվում է ռուս խաղաղապահների նախօրոք եւ պատշաճ ծանուցում նման ուղեւորությունների մասին»,- նշել է նա։