Երկկողմ հարաբերությունների հաստատումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, կարեւոր է, որպեսզի այդ կապերը եւ շփումները ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Կիեւ, որի ընթացքում նա հայտարարել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» ճանաչման մասին։

«Մենք ելնում ենք այդ սկզբունքային դիրքորոշումից այլ երկրների հետ մեր շփումները կառուցելիս եւ նման մոտեցում ենք ակնկալում մեր գործընկերներից»,- նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ալիեւի Կիեւ այցելության թեման հանգամանալիորեն քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։