Կրեմլը չի բացառում նոր հեռախոսազրույցը ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ անվտանգության երաշխիքների մասին առաջարկների գրավոր պատասխանն ստանալուց հետո, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք բացառում երկու նախագահների հերթական հաղորդակցումը։ Մենք կարծում ենք, որ ցանկացած դեպքում նման հաղորդակցումը կարելի է միայն ողջունել, այն օգտակար է երկու պետությունների համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ «Մենք նաեւ չենք բացառում, որ այն բանից հետո, երբ մեզ հաջողվի ծանոթանալ վերոնշյալ փաստաթղթերին, պետությունների ղեկավարները նպատակահարմար կգտնեն կապվել միմյանց հետ եւ քննարկել»,- ավելացրել է նա։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովին հարցրել են՝ կապվա՞ծ են արդյոք Պուտրինի եւ Բայդենի հնարավոր շփումները տեղի ունեցող բանակցությունների հետ, եւ արդյոք նախագահների հաղորդակցումից առաջ պետք է հանդիպեն դիվանագետները անվտանգության երաշխիքների հետ կապված։ «Ոչ, նախագահներն իրենք են ընդունում որոշումներն իրենց շփումների մասին։ Եվ այն բանից հետո, երբ ամերիկյան կողմի պատասխանի հետ կապված իրավիճակը (անվտանգության երաշխիքների վերաբերյալ) պարզվի, արդեն այդ ժամանակ կլինի ըմբռնում, թե որ փուլում նախագահները կորոշեն միանալ երկխոսության շարունակմանը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։