Twitter-ը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչ է անում Ֆրանսիայում առցանց ատելության խոսքի դեմ պայքարի համար, հայտարարել է Փարիզի վերաքննիչ դատարանը, հաղորդում է Reuters-ը։

Դատավճիռն ուժի մեջ է թողել ստորին դատարանի որոշումը, որը պարտավորեցրել է Twitter-ին մանրամասներ տրամադրել այն մարդկանց թվի, ազգության, լոկալիզացման եւ խոսակցական լեզվի վերաբերյալ, ում այն վարձում է հարթակի ֆրանսերեն տարբերակի քոնթենթի մոդերացման համար:

Դատավճիռը Twitter-ին պարտավորում է նաեւ բացահայտել ցանկացած պայմանագրային, վարչական, առեւտրային եւ տեխնիկական փաստաթղթեր, որոնք կօգնեն որոշել այն ֆինանսական եւ մարդկային միջոցները, որոնք այն օգտագործում է Ֆրանսիայում համացանցում ատելության խոսքի դեմ պայքարելու համար:

Անցյալ մայիսին Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ, նախատեսված նոր օրենքի համաձայն, սոցցանցերը կտուգանվեն մինչեւ շրջանառության 10 տոկոսի կամ 18 մլն ֆունտ ստերլինգի չափով, եթե նրանք չկարողանան արմատախիլ անել առցանց չարաշահումները, ինչպիսիք են ռասայական դրդապատճառներով ատելության հանցագործությունները, մինչդեռ բարձրագույն ղեկավարությունը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: