Գործադիրն այսօր՝ հունվարի 20-ին, հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը:

Այսպիսով, կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:

Կարգավորումը թույլ կտա, որ լիզինգառուն հատի ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ և նվազագույնի կհասցնի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը»,- կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ լիզինգատուները կկարողանան իրենց հայեցողությամբ և նաև գնորդի համաձայնությամբ այնպիսի ավելի ապահով պամաններ ունենալ, որով կկարղանան հարստացնել շուկան և ավելի շատ մարդկանց հնարավորություններ ընձեռել:

Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ ահազանգեր և կոնկրետ դեպքեր կան, երբ չվճարված մեքենաները հանրապետությունից դուրս են բերվում և անհետանում: «Մենք ստեղծում ենք երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա: Արդյունքում՝ ավելի ենք ընդլայնում ձեռքբերման հնարավորությունները: Իրականում այս օրինագծերի ընդունման արդյունքում դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծել է, որ օրինագծերի ընդունումն ազդեցություն կունենա նաև լիզինգի տոկոսադրույքների վրա, դրանք կարող են նվազել: