Վերին Լարսի անցակետում կուտակվել է 250-300 մեքենա, որից մոտավորապես 20%-ը (50-60-ը - խմբ.) հայկական մեքենաներ են։ Այս մասին հունվարի 20-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա ասաց, որ երեկ գիշերը ձյուն է տեղացել, եւ վրացական կողմը փակել է Խաչի լեռնանցքը  (գտնվում է ռազմավրացական ճանապարհին - խմբ.)։ 

Թանանյանը պարզաբանեց, որ բեռնատարները Ռուսաստանից չեն մեկնում։ Նրա գնահատմամբ՝ դա կրիտիկական վիճակ է՝ հաշվի առնելով այն, որ օրական անցնում է 500 մեքենա։ «Գուդաուրիում եղանակը պարզվել է, ճանապարհը ցերեկը կմաքրվի։ Հույս ունենք, որ այն կբացվի նաեւ բեռնատարների համար։ Առաջիկա օրերին կանխատեսվում է արեւային եղանակ»,- հավելեց մաքսային կցորդը։