Նորվեգիայի դատախազությունը հրաժարվել է ժամկետից շուտ ազատ արձակել 2011-ին զանգվածային սպանություններ կատարած Անդերս Բրեյվիկին։ Նրա զոհ է դարձել ավելի քան 80 մարդ։ Բանտում գտնվելու ընթացքում նա չի փոխվել եւ պետք է մնա ճաղերի հետեւում։ Այս մասին հայտարարել է  դատախազ Հուլդա Կառլսդոտիրը պայմանական-վաղաժամկետ ազատման  լսումների ժամանակ։

«Նա ոչ կարեկցանք է դրսեւորել, ոչ էլ անկեղծ ափսոսանք։ Նա շարունակում է իր դերը»,- ասել է նա։ 

Բրեյվիկի հավաստիացումները, որ նա այլեւս բռնություն չի գործադրի, պարզապես վստահություն չեն ներշնչում, հավելել է դատախազը։

«Դա PR հնարք է»,- նշել է նա։

42-ամյա Բրեյվիկը կրում է Նորվեգիայի բանտում 21 տարվա ազատազրկման առավելագույն պատիժը, որը կարող է երկարաձգվել անորոշ ժամանակով, եթե դատարանը որոշի, որ նա շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար։ Բրեյվիկը կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար եւ ասել է, որ հույս ունի, որ ի վերջո ազատ կարձակվի:

«Համոզված եմ, որ ինձ ազատ կարձակեն, եւ բանտում չեմ մեռնի։ Կարծում եմ, որ կազատվեմ 2032-2070 թվականների ընթացքում»,- ավելի վաղ լրագրողներին ասել է Բրեյվիկը:

Բրեյվիկը 2070 թվականի վերջին կդառնա 91 տարեկան։   

Բացի այդ, չորեքշաբթի օրը բանտի աշխատակիցը դատարանին հայտնել է, որ Բրեյվիկը 2018 թվականին հացադուլ է հայտարարել եւ իր խցի պատին արտաթորանքից սվաստիկա է նկարել։

Երեքշաբթի օրը իր ցուցմունքում Բրեյվիկը մեղադրել է ծայրահեղականներին համացանցում իր ծայրահեղական հանցանքների մեջ՝ նշելով, որ իր «ուղեղը լվացել են», որպեսզի նա ահաբեկչություններ գործի։ 

Միաժամանակ Բրեյվիկը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել սպիտակ ռասայի գերակայության եւ նացիոնալ-սոցիալիստների գերակայության համար, թեկուզ խաղաղ ճանապարհով։