Դատավորն արհեստականորեն ձգեց գործի քննությունը եւ Հարություն Մանուչարյանի խափանման միջոցի քննության հարցը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Դատական նիստը հետաձգվեց, դատարանը ձախողեց մեր միջնորդության քննությունը կապված խափանման միջոցի հետ: Ինձ համար շատ անհասկանալի եւ տարօրինակ է, երբ դատարանը մեզ առաջարկում է մեզ ներկայացնել փաստաթղթերի բնօրինակներ, որոնց մենք հասկանալի է, որ չենք կարող տիրապետել, որովհետեւ որոշակի վարչական նյութերի հիմքում ընկած բնօրինակներն են: Այդ բնօրինակները պահվում են համապատասխան վարչական մարմնի մոտ: Վարչական մարմինը մեր խնդրանքով ուղարկել է դրանց կրկնօրինակները: Ես կարծում եմ, որ դատավորին անհրաժեշտ էր ժամանակ, որ հասկանա, թե ինչ է անելու մեր միջնորդության հետ: Բայց դատավորը փորձեց տպավորություն ստեղծել, որ մենք պատշաճ չենք կատարել դատավարական պարտականությունը, օրինակ՝ բնօրինակ չենք ներկայացրել, եւ հենց այդ պատճառով է ինքն այս լրացուցիչ ժամանակը վերցնում: Սա օդից վերցրած պատճառաբանություն էր, դատավորն ուղղակի արհեստականորեն ձգեց գործի քննությունը եւ նաեւ իմ պաշտպանի խափանման միջոցի քննության հարցը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։