Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2013-ից, սակայն մինչև օրս Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունները չեն ընդունվում և հաստատվում ՌԴ կողմից։ NEWS.am-ը գրավոր դիմել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ խնդրելով պարզել, թե որն է դրա պատճառը, ե՞րբ է նախատեսվում կարգավորել այս հարցը, արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է ԵԱՏՄ երևանյան հանդիպմանը, և ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել անդամ երկրների միջև էլեկտրոնային ստորագրությունների ու էլեկտրոնային գործարքների համար նախատեսված գործընթացների ամբողջական գործարկման համար, եթե մյուս երկրներն էլ չեն ճանաչում հայաստանյան ստորագրությունները, ո՞րն է պատճառը։

NEWS.am-ը նաեւ հետաքրքրվել էր, թե արդյոք հայկական ընկերությունները, բացի ՌԴ-ից կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ երկրների կողմից հայտարարվող տենդերներին, և որ երկրներում է ընդունվում հայաստանյան էլեկտրոնային ստորագրությունը։

Վահան Քերոբյանը NEWS.am-ի հարցերը վերահասցեագրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին եւ «Էկենգ» ՓԲԸ տնօրեն Լ. Ավետիսյանին եւ պատասխաններն ուղարկել մեզ:

Ֆինանսների նախարարության պատասխանում ասվում է.

«Գնումների բնագավառում ԵԱՏՄ անդամ-պետությունների էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացի կազմակերպման նպատակով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից 11.12.2020թ. թիվ 12 որոշմամբ հաստատվել են մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունները: Նշված փաստաթղթի «1.6.3» կետով նախատեսվում է ապահովել ԵԱՏՄ անդամ-պետությունների՝ գնումների նպատակով էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացը:

Այս կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի 11.10.2021թ. թիվ 169 կարգադրությամբ հաստատվել է գնումների բնագավառում ԵԱՏՄ անդամ-պետությունների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման միջոցառումների ծրագիրը: Ներկայումս անդամ-պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ են տանում նշված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Բացի այդ, գնումների բնագավառում էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացն ապահովելու նպատակով ԵՏՀ Կոլեգիայի կողմից կայացվել է 23.04.2019թ. N 78 կարգադրությունը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար ՀՀ եւ ՌԴ էլեկտրոնային հարթակների տեղեկատվական համակարգերի հնարավորությունների գնահատման միջոցառումների ծրագրի ենթատեքստում մշակվել եւ ՌԴ տնտեսվարող սուբյեկտների հայտերի ընդունման նպատակով ՀՀ էլեկտրոնային գնումների հարթակում ստեղծվել է հայտերի ընդունման առցանց համակարգ:

Համակարգը թեստավորելու արդյունքում խնդիրներ չեն արձանագրվել, ինչով պայմանավորված այն տեղադրվել եւ հասանելի է իրական համակարգում: Ռուսական կողմի էլեկտրոնային գնումների հարթակները եւս ավարտել են հայկական ստորագրությունների թեսթավորումը եւ ունեցել դրական արդյունք: Ներկայում ՌԴ-ում աշխատանքներ են տարվում գնումների էլետրոնային հարթակների հետ ներքին հարաբերությունների կարգավորման նպատակով:

«Էկենգ» ՓԲԸ-ի տնօրենի պատասխանում էլ ասվում է.

«- ԵՏՀ կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով ԵԱՏՄ անդամ երկրի կողմից այլ ԵԱՏՄ անդամ երկրի օրենսդրությանը համապատասխան ստեղծված էլեկտրոնային ստորագրության ճանաչման միջոցառումների ծրագրի հաստատման մասին» հ. 169-Ն որոշմամբ նախատեսվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև էլեկտրոնային ստորագրությունների փոխճանաչելիություն ապահովել 3 տարվա ընթացքում:

- Էլեկտրոնային ստորագրությունների փոխճանաչելիության հարցը դիտարկվում է երկու հիմնական ուղղություններով՝ պետական գնումներ և պետական կառույցների միջև փոխգործելիություն: Երկու ուղղությունների համար էլ ձևավորվել են առանձին աշխատանքային խմբեր, որոնք կանոնավոր հանդիպումների միջոցով քննարկում են էլեկտրոնային ստորագրությունների փոխճանաչելիության կարգավորմանն առնչվող հարցերը:

-Ներկայում պետական գնումների նպատակով ԵԱՏՄ ոչ մի անդամ երկրի էլեկտրոնային ստորագրությունն այլ անդամ երկրի կողմից չի ընդունվում: Խնդրի լուծման նպատակով մշակվել է վերոհիշյալ ԵՏՀ կոլեգիայի հ. 169-Ն որոշումը:

- Էլեկտրոնային ստորագրությունների փոխճանաչելիության հիմնական խոչընդոտների շարքում են անդամ երկրների իրավական կարգավորումների տարբերությունները, կիրառվող ստանդարտների բազմազանությունը և թվայնացման մակարդակների տարբերությունը:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի միջպետական փոխանակման նպատակով ՀՀ ՊԵԿ և ՌԴ Դաշնային հարկային ծառայության նախաձեռնությամբ 2021 թվականին մեկնարկել է պիլոտային ծրագիր, որի արդյունքում նախատեսվում է, որ երկու կողմերի թողարկած հաշիվ-ապրանքագրերը կդառնան փոխճանաչելի»: