ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ Կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում, կողք-կողքի պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

«Նրանց զրույցի մանրամասները մի կողմ թողնենք, առավել ևս, որ դրա բովանդակությունն էլ հաճելի չի կարող լինել։ Բայց իսկապես չեմ նախանձում ՀՀ իրավապահ մարմինների գործող դատավարական ղեկավարին, ով սեփական աչքով տեսնում է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» դարձած իր նախկին ղեկավարի՝ այդպիսի ընդունելությունը դաշնակից պետության իրավապահ մարմինների կողմից և «հետախուզվողին» հանդիպում է այդպիսի միջավայրում։ Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»,- գրել է Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ․ սեպտեմբերին «Մարտի 1-ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Ըստ մեղադրանքի` 2008թ-ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Նախորդ տարվա մարտին Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավասու մարմնի պահանջը։ Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ եւ մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով: Ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Ինտերպոլ»-ը չի հանդիսանում քրեական ոստիկանության մարմինների փոխհամագործակցության շրջանակում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։