Աշխարհը շատ առումներով ավելի վատն է, քան հինգ տարի առաջ՝ COVID-19 համաճարակի, կլիմայական ճգնաժամի եւ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Այս մասին The Associated Press-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն իրավունք ունի պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանման եւ ռազմական գործողությունների մասին հրամանների միջոցով, բաժանված է, հատկապես նրա հինգ մշտական ​​անդամները, որոնք ունեն վետոյի իրավունք: Ռուսաստանը եւ Չինաստանը հաճախ հակասում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ առանցքային հարցերի շուրջ: 

Հարցին, թե Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, Գուտերիշը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա»:

«Որովհետեւ ես չեմ հավատում առկա խնդիրների ռազմական լուծմանը եւ կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման ամենառացիոնալ ճանապարհը դիվանագիտությունն է եւ լուրջ երկխոսությունը»,- ասել է Գուտերիշը՝ ընդգծելով, որ ներխուժումը «սարսափելի հետեւանքներ» կունենա։