Ուկրաինային ուղիղ ռազմական օգնություն ուղարկելու հարցը չի դիտարկվում, ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, տեղեկացնում է AAP-ը։

Փեյնը տեղեկացրել է, որ կապ է հաստատել ուկրաինացի պաշտոնակցի հետ եւ նշել, որ Ավստրալիան պատրաստ է դիտարկել օգնության ցանկացած կոչ, բայց ոչ մի պաշտոնական հարցապնդում չի ստացել։

«Որպեսզի պարզ լինի, խոսքը ուղիղ ռազմական օգնության մասին չէ։  Ավստրալիայի տեսակետից դա չի քննարկվում»,- լրագրողներին ասել է նա բրիտանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո։

«Բայց մենք սերտորեն կհամագործակցենք Ուկրաինայի հետ առաջիկա օրերին եւ շաբաթներին այն խնդիրների հետ կապված, որոնց բախվում է երկիրը»։

Ուկրաինայում Ավստրալիայի դեսպան Բրյուս Էդվարդսը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է լրացուցիչ ինքնուրույն պատժամիջոցներ կիրառել, եթե դա արդարացված լինի։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը հայտարարել է, որ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան միասնական են իրենց պատասխանի հարցում։