Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին շտապել է «քաղցրացնել» ԱՄՆ դեսպանության հայտարարության նստվածքը։

Այսպես կոչված հունվարի 20-ի իրադարձությունների տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ դեսպանը հավաստիացրել է, որ «այսօր ադրբեջանցի ժողովուրդը, Ադրբեջանի ներկա իշխանությունը չեն նույնացնում Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունների այն ժամանակվա գործողությունները ժամանակակից ժողովրդավարական Ռուսաստանի հետ» (haqqin.az)։ Ադրբեջանցի դիվանագետի այս ճիշտ ժամանակին արված «ճշտումը» ակնհայտորեն կապված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության երեկվա հայտարարության հետ։

 «Հունվարի 20-ի իրադաձությունների» պատճառները, հայերի զանգվածային ջարդերը (որոնց դադարեցման համար քաղաք մտցվեցին զորքեր) չհիշող ԱՄՆ դեսպանությունն իր հայտարարությունում նշում է. «Մենք հիշում ենք սարսափելի կորուստները, որոնք կրում է բնակչությունը, երբ օտարերկրյա զորքերը ներխուժում են երկիր եւ կիրառում զենք քաղաքացիական բնակչության դեմ՝ անկարգությունները ճնշելու համար։ Մենք հիշում ենք 1990թ. Բաքվի «սեւ հունվարը», դաժան բռնաճնշումները եւ ցավում ենք վիրավորների եւ զոհերի համար։ Մենք հիշում ենք բոլորին, որոնք իրենց կյանքը տվեցին ի պաշտպանություն իրենց համոզմունքների» (turan.az)։