Մեծ Բրիտանիան դիտարկում է, որպես Ռուսաստանի համար «զսպող գործոն», Ուկրաինայի հարեւան երկրներ հարյուրավոր հավելյալ զինվորականներ ուղարկելու հարցը, գրում է Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրները։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր մակարդակի բանակցություններ են վարել` Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում իրենց ներկայությունն ավելացնելու շուրջ:

Մեծ Բրիտանիան ղեկավարում է 1200 հոգանոց մարտական ​​խումբն Էստոնիայում, որտեղ 830 զինվորական, տանկեր, զրահատեխնիկա, ինքնագնաց հրետանի, ինժեներներ, հակաօդային պաշտպանություն եւ հետախուզություն ունի: Ավելի քան 300 ֆրանսիացի զինվորական եւս մարտական ​​խմբի կազմում են: Լեհաստանում կա նաեւ 140 բրիտանացի զինվորական՝ ՆԱՏՕ-ի առաջնային ներկայության ընդլայնված առաքելության շրջանակներում:

Պաշտպանության նախարարությունում քննարկվող պլանների համաձայն՝ Մեծ Բրիտանիան դիտարկում է այդ առաքելությունները «հարյուրավոր» մարտունակ զինվորներով ուժեղացնելու հնարավորությունը, որոնք կարող են տեղակայվել կարճ ժամկետներում: