Այս անգամ ինձ կանչել են ոստիկանություն իմ երկրորդ գրառման համար, որը կատարել եմ հունվարի 5-ին. մենք հրաժարվեցինք ցուցմունք կամ բացատրություն տալուց: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

«Կտեսնենք՝ գործխն ինչ ընթացք կստանա: Կարող եմ վստահ փաստել, որ ռեպրեսիվ ապարատը գնալով ավելի թափ է հավաքում եւ արդեն գործը դրել են հոսքի վրա: Այս գործերը գնալով բազմանալու են, որովհետեւ պատիժը շատ «համով» գումարներ են նախատեսում: Եթե նրանք կարողանան ամսական մի 100 հոգու դատել, նրանք կարող են մեր բյուջեի մի զգալի մասը լցնել մեր նման անձանց միջոցով»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ իշխանության նպատակը ոչ այնքան քրեական հետապնդումն է, որքան գումար աշխատելը:

«Էդ մարդիկ մեռան անպատվություն ուտելով, հայհոյանքներ ու վիրավորանքներ մարսելով դրսի մարդկանցից, բայց նրանցից փող չեն կարող մուրալ, իսկ երկրի ներսում որոշել են, որ շատ լավ է, համ անպատվությունը կուտենք, համ փող կաշխատենք: Ամեն գիշեր քնելիս մտածում են՝ Աստված ջան, նենց արա, վաղը մի 3-4 հոգի էլ ինձ հայհոյի, որ մի 2-3 մլն դրամ էդտեղից կպնի: Ես այլ բացատրություն չունեմ, որովհետեւ մարդը, որ մտածում է իր թասիբի ու պատվի մասին, լրիվ ուրիշ վարքագիծ է դրսեւորում, իսկ այս պարագայում նրանք դա բիզնես են սարքել»,-ասաց Ադիբեկյանը:

Դիտարկմանը, որ սրանով գուցե փորձում են հասնել նրան, ու ֆեյսբուքում դուք ավելի պասիվ լինեք, ադրբեջանագետն արձագանքեց. «Դա անհույս է: Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը, ոտնատակ է անում մեր ժողովրդի արժանապատվությունը, ինձ լռեցնելը մի ձեւ ունի, իսկ այդ դեպքում կունենան ավելի լուրջ խնդիրներ իրենց իսկ պատվիրատուի հետ, որովհետեւ պահպանել դեմոկրատների, մարդասերների իմիջը, ավելի կբարդացնեն իրենց կյանքը: Անհույս է, որ ես լռեմ՝ նայելով, թե ոնց են քանդում մեր երկիրը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին արդեն մեկ անգամ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել էր ոստիկանություն՝ ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործով։ Նա կասկածյալի կարգավիճակ է ստացել։ Ադիբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նա նաեւ հրաժարվել է ցուցմունք տալ։