Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռի հետ, առանց իրադրությունը լիարժեք գնահատելու, առանց գնահատելու հակառակորդին, առկա սպառնալիքներն ու մարտհրավերները: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ոտքի վրա կայացված որեւէ որոշում տեղ չի կարող հասնել: Մեր իշխանությունները որոշումները կայացնում են փորձարկման մեթոդով, երեւի հիմք են ընդունում հայտնի խոսքը, որ փորձը փորձանք չէ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ փորձերը բերեցին ահռելի փորձանքի»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանից Հայաստանի եւ Ադրբեջանի զինուժի «հայերային հետքաշման» գաղափարին, նախկին նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Այնուհետեւ հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»:

Անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ն քաղաքական գործընթացներ է իրականացնում, Սեյրան Օհանյանն ասաց.

«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին՝ հետ քաշվելու։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։

Կարծում եմ՝ այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են, որովհետեւ սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք»։

Օհանյանն ասաց, թե այդ հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վեր հանի խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ փաթեթը. «Միայն լիարժեք և խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի այդ սահմանը։ Իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն, իմ համար, մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է», - ասաց Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը: