Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչ քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու ահմանազատումը. Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան խառը հանձնաժողովներ, որոնք ամբողջությամբ վեր կհանեն ԽՍՀՄ ժամանակահատվածում գույություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ դաշտը, փաթեթը եւ այն բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել երկու հարեւան հանրապետությունների միջեւ: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Միայն լիարժեք, խորաթափանց  քննարկումից հետո կարելի է  որոշել, թե որտեղ ինչպես պետք է անցի սահմանը, իսկ այս պարագայում  հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի հայելային հետքաշմանը, քանի որ  Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, նրանք հանցագործություն են իրականացրել Հայաստանի ու Արցախի հանդեպ. «Պետք է խաղաղության գնալ, բայց չպետք է դրան գնալ մեր շահերի հաշվին, մեր պատմական հող ու ջրի հաշվին»:

Հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է, որ Ադրբեջանը հետ քաշվի Հայաստանի տարածքից, որտեղ ներխուժել է, Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է. «Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ Արցախի հատվածում վերականգնվեն Արցախի ժողովրդի իրավունքները Հադրութում, Շուշիում, նաեւ Մարտակերտ, Մարտունի, Ասկերան հատվածներում: Դրա համար պետք է բանակցել: Տեսականորեն հնարավոր է վերադարձնել Շուշին ու Հադրութը: Այդ ամենն իրականացնելու համար պետք են լծակներ, այսօր այդ լծակներն ունի քաղաքական մեծամասնությունը»,-  ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե լծակներն իշխանության ձեռքին են, դուք էլ գիտեք մեխանիզմները, ինչու չեք համագործակցում իշխանության հետ այդ հարցում, պաշտպանության նախկին նախարարն արձագանքեց. «Ես չասացի՝ մեխանիզմը մենք գիտենք: Մեխանիզմը բանակցություններն են, արտաքին հարաբերություններում եւ Արցախիշուրջը ընթացող  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցություններն են, որն իր մեջ պարունակում է մարտավարական եւ ռազմավարական լուրջ քայլեր, տեխնիկական լուրջ հնարքների իրագործում եւ դրան տիրապետել: Իսկ իրավիճակին տիրապետողն այսօր իշխանություններն են»: