Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը եւ առողջապահության նախարար Օլիվիե Վերանը ներկայացրել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված սանիտարական սահմանափակումների հանման ժամանակացույցը, տեղեկացնում է RFI-ը։

Չնայած նախօրեին Ֆրանսիայում հայտնաբերվել է վարակման ավելի քան 400 հազար դեպք, իրավիճակը սկսում է բարելավվել, հավաստիացրել է վարչապետը։ «Օմիկրոնի ալիքը սկսում է դանդաղել»,- ասել է Ժան Կաստեքսը։

Միեւնույն ժամանակ, իշխանությունները իրավիճակի բարելավման հույս ունեն պատվաստմամբ պայմանավորված (չնայած Ֆրանսիայում այն լավագույններից է աշխարհում), այն բանից հետո, երբ երկուշաբթի օրվանից՝ հունվարի 24-ից, կսկսեն գործել «պատվաստման անցագրերը» (Սահմանադրական խորհրդի դրական որոշման դեպքում, որը պետք է կայացվի հունվարի 21-ին)։ Փետրվարի 2-ից  պարտադիր չի լինի աշխատակիցների հեռավար աշխատանքը շաբաթը երեք օրով։ Միայն «խորհուրդ կտրվի» հեռավար աշխատել։ Բացի այդ, այլեւս չեն լինի մարդկանց թվաքանակի սահմանափակումներ հանրային շենքերում (խանութներ, կինոթատրոններ, մարզադաշտեր...)։ Կչեղարկվի նաեւ պարտադիր դիմակների կրումը փողոցներում, միջոց, որն առայժմ գործում է որոշ քաղաքներում։

Փետրվարի 16-ից կհանվեն այլ միջոցներ եւս։ Այսպիսով, կրկին կթույլատրվի խմել մարզադաշտերում, կինոթատրոններում եւ տրանսպորտում։ Հնարավոր կլինի համերգների անցկացումը, կբացվեն դիսկոտեկները։ Բարերում թույլ կտրվի այցելուներին ուտելիք եւ ըմպելիքներ մատուցել (ընդ որում՝ ուտել եւ խմել թույլատրում են միայն «կանգնած»)։ Կհանվի նաեւ ուտելիքի վաճառքի արգելքը գնացքներում, կինոթատրոններում, մարզադաշտերում։

Վերջապես, փետրվարյան արձակուրդներից հետո կարելի կլինի մեղմել դպրոցների սանիտարական սահմանափակումները։ Ժան Կաստեքսը հիշատակել է տարրական դպրոցներում դիմակների պարտադիր կրման հնարավոր չեղարկման եւ թեստերի ու ինքնաթեստավորման նոր համակարգի մասին։