Ժնեւում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիվանագետների զրույցը տեւել է մեկուկես ժամ։ Քննարկման հիմնական թեման անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն էին եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Լավրովի խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տալ ռուսական առաջարկներին։

«Մենք միջանկյալ հանդիպում ունեցանք։ Էնթոնի Բլինքենն ինձ ասաց, որ գոհ է տեղի ունեցած մտքերի փոխանակությունից, ինչը կօգնի իրենց հաջորդ շաբաթ, արդեն մի քանի անգամ ընդգծվել է, որ մեզ գրավոր արձագանք տրամադրեն»,- հայտարարել է նա։

Մոսկվան բազմիցս է խոսել նման քայլի անհրաժեշտության մասին։ Ընդ որում, ռուսական կողմն ընդգծել է, որ պատասխան արձագանքի «անվերջ չի սպասի»։

«Մենք արդեն լսել ենք Միացյալ Նահանգների առաջին արձագանքը, առայժմ` բանավոր, նրան, թե ինչ է քննարկվել այդ երկու ձեւաչափերում (ՆԱՏՕ, ԵԱՀԿ.-Խմբ.) մեր պատգամավորների մակարդակով, եւ արձագանքը, ինչպես եւ Ամերիկյան կողմը մեզ խնդրել էր, երբ առաջարկեց անցկացնել այս հանդիպումը, արձագանքը նախնական էր, մեզ զգուշացրել են այդ մասին, դա ուղեկցվել է մեզ ուղղված որոշ ճշտող հարցերով»,- հավելեց նախարարը։

«Եվրոպական անվտանգության հարցերի շուրջ արեւմտյան գործընկերների հետ մեր շփման փորձը լի է օրինակներով, երբ ինչ-որ բան խոստացվել է, իսկ հետո չի կատարվել»,- ասել է նա:

«Այդ [խոստումների կատարման] մասով, իհարկե, մեր ամերիկացի գործընկերները, մյուս արեւմտաեվրոպացիները, ՆԱՏՕ-ի անդամներն այնքան էլ լավը չեն»,- հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին իր պաշտոնական ներկայացուցիչների անունից։ «Ո՞վ ում է սպառնում եւ ինչի՞ այդ սպառնալիքները կարող են հանգեցնել, դեռ մեծ հարց է»։ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա. «Դուք պնդում եք, որ մենք պատրաստվում ենք հարձակվել Ուկրաինայի վրա, թեեւ մենք արդեն բազմիցս բացատրել ենք, որ դա այդպես չէ», - ասաց նա։

«Մենք հերթական անգամ` ե՛ւ այսօր, ե՛ւ երբ մեզ մոտ էր Գերմանիայի արտգործնախարարը, ե՛ւ ֆրանսիացի մեր գործընկերների հետ շփումներում, մենք ընգծված կերպով բարձրացնում ենք այն հարցը, որ ժամանակն է դադարեցնել այն, ինչ անում է Կիեւի ռեժիմը եւ ստիպել դրան անել այն, ինչը ոչ թե պարզապես խոստացվել է, այլ հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ, ուստի Մոսկվան դեմ է դաշինքի` դեպի Արեւելք ընդլայնմանը:

«Այս դաշինքը ստեղծվել է ԽՍՀՄ-ի դեմ, իսկ հիմա աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ»։ Լավրովի խոսքով՝ դրանով է բացատրվում Մոսկվայի դիրքորոշումը դեպի Արեւելք «ՆԱՏՕ-ի չընդլայնման սկզբունքային հարցի վերաբերյալ»։