Եթե հենց լրագրողական գործունեությունը և դրա չհավաստումը, գրանցումը չունենալն իշխանական խմբակցությունը հաշվի է առել իբրև հաստատված, ապա դրա իրավական ճանապարհը կա: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում անդրադառնալով ՀՌՀ հանձնաժողովի անդամի ՔՊ թեկնածու Արթուր Մանուկյանի կենսագրականում առկա անճշտություններին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատագամավոր՝ Լիլիթ Գալստյանն իր ելույթում նկատել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի աշխատանքային գրքույկում չկա ամրագրված, որ նա աշխատել է հեռուստատեսություններում, ինչը թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ պայման է:

Վարդևանյանը տեղեկացրեց, որ գոյություն ունի իրավաբանական փաստի ճանաչման գործընթաց, որը թեկնածուն կարող էր անել և դատական պրոցեսը բավականաչափ արագ սպառելուց հետո նոր առաջադրվեր:

«Ասել, որ գործատուներն անձին չեն գրանցել, բայց միևնույնն է այն պետք է համարել փաստ՝ իրավունքի կամ օրենքի տրամաբանությունից դուրս է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արամ Վարդևանյանն անդրադարձավ նաև ՔՊ պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, ըստ որի՝ եթե խոսվում է փաստաթղթերի ճշտությունից, ապա կարող են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հարցի մասին, երբ առաջադրվում էր ՀՀ նախագահի թեկնածու. «2000 թ. ՀՀ վճառաբեկ դատարանը կայացրել է բովանդակությամբ և էությամբ մի չափազանց կարևոր որոշում Ռոբերտ  Քոչարյանի քաղաքացիության վերաբերյալ: Հիմքն էլ հանդիսացել է ՀՀ Անկախության հռչակագիրը, այնտեղ առկա Արցախի վերաբերյալ ձևակերպումները: Այդ որոշման հիմնական ջատագովն էլ հանդիսացել է ձեր Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որին ես համարում եմ Հայաստանի իրավական պատմության մեջ լավագույն իրավաբաններից մեկը: Բնավ նույնը չեմ կարող ասել Սասուն Խաչատրյանի մասին»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ դատական ակտը կարևոր է նաև ՀՀ անկախության հռչակագրի կարևորության տեսանկյունից:

Հիշելով Արթուր Մանուկյանի ելույթը՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց  «ՀՌՀ թեկնածուն զարմանալիորեն ասաց, որ լուրերին չի հետևում, նյարդեր չունի դրա համար, և այդ տրամաբանությամբ հարց է առաջանում, թե ինչպես պետք է ՀՌՀ անդամի իր գործունեությունն իրականացնի» :

Վարդևանյանն անդրադարձավ նաև նույն հարցի շուրջ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որի ժամանակ նա լրագրողների մի մասին անվանել էր վերբալ մարմնավաճառներ և շեշտեց, որ երբ պատգամավորն օգտագործում է բառամթերք և այն ինչ-որ կոնտեքստում փորձում է վերագրել լրագրողներին, դա խայտառակություն է: «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ որևէ զարգացած երկրում նման բառամթերք օգտագործող պատգամավորին շատ խիստ կարձագանքեին նույն լրագրողները և քաղաքական շրջանակները: