Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի  52-ամյա տնօրենը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:

Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել,  որը դատախազությունը ստացել էր  Արարատի մարզպետից,  որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ  Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020 -2021 թթ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ  նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով:

Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի:

Կայքի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին  Անուշ Դ.-ն  այցելում է  որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, ժամը 11.40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ  «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել էր, որ նա Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է:  Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում,  նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: