Հայաստանում ազատ շուկայական տնտեսության պայմաններում դժվար է վարչական մեթոդներով կարգավորել գները, սակայն պետությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որպեսզի ապրանքային արտադրության ոլորտում էներգակիրների տեսակարար կշիռը նվազի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։  

Դրան, նրա խոսքով, կարելի է հասնել սեփական երկրում էներգիայի արտադրության միջոցով։ 

«Եթե մեզ հաջողվի ավելացնել հիդրաէլեկտրակայանների թիվը եւ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը, ապա մենք կարող ենք էժան էներգիա ստանալ։ Այս առումով շատ կարեւոր է նաեւ ԱԷԿ-ների դերը։ Էներգետիկ հաշվեկշռում անհրաժեշտ է ավելացնել ՀԷԿ-երի եւ ԱԷԿ-ների տեսակարար կշիռը եւ զուգահեռ նվազեցնել ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի մասնաբաժինը, քանի որ դրա գինը կախված է գազի սակագնից»,- հավելեց Սաֆարյանը։

Նա կարծում է, որ նման միջոցները որոշ չափով կզսպեն գնաճը, որը, սակայն, կախված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններից։

«Օրինակ, եթե բենզինը ներկրվում է թանկ գնով, ապա պարզ է, որ դա կհանգեցնի ապրանքների ինքնարժեքի աճին»,- նշեց փորձագետը։

Տնտեսական աճ ապահովելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է մոբիլիզացիոն տնտեսական քաղաքականություն վարել եւ ներքին ռեսուրսները ռացիոնալ օգտագործել։

«Նույն պղինձը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որի շնորհիվ կարող ենք նոր ուղղություններ զարգացնել։ Սակայն պետք է արտահանել ոչ միայն հումք, որում խտանյութը կազմում է ընդամենը 28% (ապրանքը վաճառելով 3 տոննայով, ստանում ես 1 տոննայի չափով եկամուտ), այլ վերամշակել եւ ստանալ մաքուր պղինձ (99%)։ ), որը հարմար է մեքենաշինութայն համար: Բացի այդ, այս դեպքում կարելի է կազմակերպել մալուխների, էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրություն եւ այլն»,- եզրափակեց Սաֆարյանը։

Նշենք, որ Հայաստանում պարենային ապրանքների գնաճը 2021 թվականի վերջի դրությամբ գերազանցել է 11 տոկոսը։ Այս ֆոնին 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը բարձրացել է (12%-ով)։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ փետրվարից, իսկ ապրիլի 1-ից՝ գազի սակագինը (միջինը 6%-ով, եթե Գազպրոմ Արմենիայի հայտը բավարարվի)։

Միեւնույն ժամանակ, իշխանությունները հրաժարվել են նվազագույն աշխատավարձը 68000-ից (մոտ 140 դոլար) դարձնել 100000 դրամ (մոտ 200 դոլար)՝ պատճառաբանելով այս որոշումը «զգալի գնաճային ռիսկերով» նման փոփոխությունների դեպքում։