ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ժնեւում լրագրողներին ասել է, որ ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններն անկեղծ եւ առարկայական էին։

«Մեր նպատակն է պարզել՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է գնալ դիվանագիտական ​​ճանապարհով եւ այլ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացման եւ, իր հերթին, մեր տարաձայնությունների` դիվանագիտական ​​ճանապարհով եւ երկխոսության միջոցով լուծման համար»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը «վճռականորեն աջակցում է Ուկրաինային` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում»։

Նրա խոսքով` Վաշինգտոնի դիրքորոշումը հստակ էր. «Ռուսաստանի ռազմական ուժերի ցանկացած տեղաշարժ Ուկրաինայի սահմանով նոր ներխուժում կնշանակի, որը կընդունվի ԱՄՆ-ի եւ դաշնակիցների արագ, կոշտ եւ միասնական պատասխանով»:

«Ես նրան ասացի, որ դաշնակիցների եւ գործընկերների հետ առաջիկա օրերին նախատեսված խորհրդակցություններից հետո ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ կկարողանանք Ռուսաստանի հետ ավելի մանրամասն եւ գրավոր տեսքով կիսել մեր մտահոգություններն ու գաղափարները, եւ մենք պայմանավորվեցինք դրանից հետո հետագա քննարկումների մասին»,- հավելել է Էնթոնի Բլինքենը: