Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության համակարգային քաղաքականության դրսեւորումները կլինեն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց այս պաշտոնի միակ թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։ 

Թեկնածուի խոսքով՝ եւ՛ Հայաստանի իշխանությունները, եւ՛ ինքը՝ ընտրվելու դեպքում, կգործեն միջազգային իրավական գործընթացների շրջանակում։ Նա նշեց, որ այս աշխատանքը ընթանալու է արդյունավետ վերաբաշխմամբ, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով փոխլրացման տրամաբանությունը։

Գրիգորյանը կարեւորեց նաեւ օրենքի վրա հիմնված մոտեցումների, ինչպես նաեւ անվտանգության միջավայրի ստեղծման եւ ամրապնդման կոնկրետ առաջարկների առաջնահերթությունը։ Ընդ որում, թե՛ ազգային մակարդակով, թե՛ միջազգային ու տարածաշրջանային մարմիններում, որոնք լիազորված են ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Մեր երկրի դեպքում էական է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների ամրապնդումը՝ հատկապես անվտանգության հարցերում։ Հետեւողականորեն պետք է առաջ տանել սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման, հնարավոր սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների պայմաններում նրանց բնականոն եւ արժանապատիվ կյանքի ապահովման խնդիրները»,- ընդգծեց թեկնածուն։