Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ չինական Geely ավտոարտադրողը գտնվում է Meizu-ի գնման շուրջ բանակցությունների փուլում։ Այս մասին են վկայում շատ հեղինակավոր հրապարակումներ՝ վկայակոչելով ընկերություններից մեկին մոտ կանգնած ինսայդերներին։ Ինչպես նշում են հենց աղբյուրները, երկու ընկերությունները ներկայումս բանակցում են վաճառքի պայմանների շուրջ, իսկ գնորդն, ի դեմս Geely-ի, սմարթֆոնների արտադրության բիզնեսի համալիր ստուգում է անցկացնում, գրում է Planet Today-ը։

Գործարքի մանրամասները, ներառյալ գնման ամբողջ գումարը, չեն նշվում։ Սակայն որոշ վերլուծաբաններ հիշել են Geely ընկերության հիմնադրի խոսքերը՝ խելացի սարքերի, մասնավորապես՝ սմարթֆոնների արտադրության մեջ ներդրումներ կատարելու ցանկության մասին։ Այն ժամանակ Լի Շուֆուն նախատեսել էր այս ոլորտում մոտ 1,5 միլիարդ դոլար ներդնել։

Այնուամենայնիվ, գործարքի մանրամասները, ինչպես նաեւ Geely ընկերության դրդապատճառները դեռեւս գաղտնի են: Հաշվի առնելով, որ երբեմնի խոշոր խաղացող Meizu-ի գործերը շուկայում այնքան էլ լավ չեն, ապա, հավանաբար, Լին որոշել է վերակենդանացնել ապրանքանիշը՝ նոր շունչ հաղորդելով դրան: Հնարավոր է, որ Meizu-ի տեխնոլոգիաները ինչ-որ կերպ համընկնեն Geely-ի գործունեության հիմնական ձեւի հետ: