Հոնկոնգի համալսարանի միկրոկենսաբանները պարզել են, որ կենդանի «օմիկրոնի» վերարտադրումը զգալիորեն ցածր է՝ SARS-CoV-2 ելակետային շտամի եւ «ալֆա», «բետա» եւ «դելտա» տարբերակների համեմատ: Այս մասին հաղորդվում է բուհի կայքում, փոխանցում է «ԳազետաՌու»-ն։

Մարդու թոքերի եւ աղիների էպիթելային բջիջների լաբորատոր հետազոտությունների ընթացքում գիտնականները նկատել են, որ «օմիկրոնը» երեք անգամ ավելի քիչ ակտիվ է՝ թոքերի էպիթելային բջիջներում գտնվող կորոնավիրուսի այլ շտամերի համեմատ։

«Մուտացիոն SARS-CoV-2-ը փորձում է դուրս պրծնել մեր իմունային համակարգի վերահսկողությունից, որն ակտիվացել է պատվաստանյութերի կամ բնական վարակի միջոցով։ Բայց միեւնույն ժամանակ, վիրուսը ստիպված է «վճարել»՝ բազմացման մեջ դառնալով ավելի քիչ արդյունավետ»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար Կվոկ Յունյուենը:

Փորձագետը հույս է հայտնել, որ կորոնավիրուսը կշարունակի այս կերպ զարգանալ եւ կվերածվի թեթեւ վիրուսի, ինչպիսին սովորական մրսածությունն է։