Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։  

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները։

Զրույցի ընթացքում նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Պուտինը Փաշինյանի խնդրանքով նրան տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ ՌԴ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների ընթացքի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։