Հանրային սննդի կետերում այսօրվա սահմանափակումներից հետո հաճախորդների թիվը նվազել է:

«Օրվա շարժի հետ համեմատած հիմա համարյա հաճախորդ չունենք նստած: Տոկոսային առումով 30-ից 40 տոկոսով նվազել է հաճախորդների թիվը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սրճարաներից մեկի մենեջերը:

«Կարաս» սննդի կետերի Հրապարակի մասնաճյուղի մենեջեր Րաֆֆի Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր բազմաթիվ հաճախորդներից ներողություն են խնդրել, որ չեն կարող սպասարկել առանց QR կոդի:

«Ստուգում ենք բոլոր քաղաքացիների QR կոդերը կամ ՊՇՌ թեստի պատասխանը, եթե չեն ունենում, իրենցից ներողություն ենք խնդրել եւ չենք սպասարկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի`   հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։