Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը՝ թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու ու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:

Նշենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ԿԸՀ-ն ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից, ԿԸՀ-ն էլ դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:

Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց:

Նրա խոսքով`բողոքարկող կողմի ԿԸՀ ներկայացրած դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել:

Հիշեցնենք, որ Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետև «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։

ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ էինք ներկայացրել` հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝ հիմք ընունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը, և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն: Մինչդեռ ըստ օրենքի՝ համայնքը կարող է ղեկավարվել նաև 9 մանդատով։