Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի տակ սառցե պատն ապահովելու համար անհրաժեշտ առնվազն 4 տոննա լուծույթի արտահոսք է տեղի ունեցել կայանում: Այդ մասին կիրակի հայտնել է NHK հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի տեղեկություններով՝ հատուկ տարաներից լուծույթի արտահոսքը հայտնաբերվել է անցած շաբաթ: ԱԷԿ-ի մասնագետները ենթադրում են, որ արտահոսքի պատճառը կարող էր լինել խողովակներից մեկի վնասվածքը, ներկայում կատարվում են օպերատիվ աշխատանքներ վնասված մասերը հայտնաբերելու եւ հեռացնելու ուղղությամբ:

ԱԷԿ-ի տակ այսպես կոչված սառցե պատի ստեղծումն ավարտվել է 2016 թվականին: Այն շրջապատում է կայանը եւ արգելափակում գրունտային ջրերի հոսքը, որոնք հայտնվել են շենքի տակ ռեակտորներից եւ խառնվել ռադիոակտիվ հեղուկի հետ: Սառցե արգելապատնեշ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն արժեցել են 300 միլիոն դոլար:

«Ֆուկուսիմա-1»-ում վթարը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հարվածի պատճառով վնասվել են կայանի էներգամատակարարումն ու սառեցումը, ինչի հետեւանքով երեք էներգաբլոկներում հալվել է վառելիքը, որն այրել է ռեակտորների պաշտպանիչ կորպուսները: Դա ուղեկցվել է ջրածնի պայթյուններով եւ մեծածավալ ռադիոակտիվ նյութերի արտահոսքով, ինչը հանգեցրել է կայանի կից շրջանի վարակմանը: