Համավարակը հսկայական վնաս է հասցրել ԳԴՀ տնտեսությանը վերջին երկու տարվա ընթացքում: Կորուստը կազմում է շուրջ 350 միլիարդ եվրո, նշվում է Քյոլնում Գերմանիայի տնտեսության ինստիտուտի վերլուծության մեջ, որից հատվածները կիրակի հրապարակել է dpa գործակալությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Փորձագիտական գնահատմամբ՝ այդ կորուստների զգալի մասը վերաբերում է մասնավոր սպառմանը, որը կրճատվել է նաեւ լոքդաունների պատճառով: Չնայած Գերմանիայի ՀՆԱ-ն 2022 թվականի վերջում կարող է դարձյալ հասնել այն մակարդակի, ինչ եղել է նախքան համավարակը, անգամ այդ դեպքում տնտեսական արդյունավետության մեջ կնկատվի նշանակալի բաց, որը չէր լինի, եթե չլիներ համավարակը:

«Միայն առաջիկա մի քանի տարիներին ուժգին տնտեսական աճի պայմանով հնարավոր կլինի քայլ առ քայլ չեզոքացնել բացերն ավելացված արժեքում եւ եկամուտներում, որոնք պայմանավորված են համավարակով»,-ընդգծվում է փաստաթղթում: