Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը հայտարարել է, որ չի սատարում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը: Այդ տվյալները ներկայացվում են Անկարայում գտնվող MetroPOLL հասարակական կարծիքի հետազոտությունների կենտրոնի վերջին հարցման արդյունքներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ կիրակի հրապարակված հետազոտության՝ հարցվածների 40,7 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Էրդողանի գործողություններին, մինչդեռ 57 տոկոսը չի սատարել նրա քաղաքականությունը, իսկ 4,9 տոկոսը հրաժարվել է պատասխանել այդ հարցին:

Բացի այդ, հարցման մասնակիցների մեծ մասը համարում է, որ Անկարան իր արտաքին քաղաքականության մեջ պետք է առաջնահերթությունը տա Ռուսաստանին ու Չինաստանին, ոչ թե Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը: Հարցվածների 39,4 տոկոսը համարում է, որ առաջնահերթ է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ, 37,5 տոկոսը՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Հրաժարվել է պատասխանել հարցվածների 23,1 տոկոսը: Ընդ որում՝ Մոսկվայի ու Պեկինի հետ հարաբերությունների ամենաակտիվ սատարողներն են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ինչպես նաեւ դրա հետ կոալիցիա կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցները»

Հարցումն անցկացվել է հունվարի 8-12-ը Թուրքիայի 28 գավառներում: Հարցմանը մասնակցել է 1 508 մարդ: